Ամերիկացի քննիչները Էկվադորից թույլտվություն են ստացել հարցաքննել շվեդացի ծրագրավորողին, որը մտերիմ է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հետ, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Օլ Բինիին կհարցաքննեն հունիսի 27-ին:

ԱՄՆ արդարադատության նախարարությունում հրաժարվել են մեկնաբանությունից, սակայն այդ գործի հետ ծանոթ աղբյուրը հայտնել է, որ ԱՄՆ իշխանությունները ցանկանում են հարցաքննել Բինիին, որը ձերբակալվել էր նույն օրը, երբ Էկվադորը Ասանժին իր դեսպանատնից վտարեց Լոնդոն:

Աղբյուրները նշում են, որ անհասկանալի է, թե ինչու է ԱՄՆ-ը որոշել հարցաքննել Բինիին:

Նա ձերբակալվել էր Կիտոյի օդանավակայանում: Էկվադորի բարձրաստիճան պաշտոնյաները պնդում են, որ նա մասնակցել է դավադրությանը 2 ռուս հաքերների հետ, որոնք ապրում են Էկվադորում: