Սաուդյան Արաբիան տարածաշրջանում լարվածություն է հրահրում իր ռազմականացված քաղաքականությամբ եւ ճգնաժամը սադրելով: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Աբբաս Մուսավին, հաղորդում է Mehr-ը:

Այդպիսով Մուսավին մեկնաբանել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի այն մեղադրանքները, որոնց համաձայն՝ Իրանը պատասխանատու է Օմանի ծոցում լցանավերի վրա հարձակման համար:

Նրա խոսքով՝ արքայազնի մեղադրանքները վկայում են Սաուդյան Արաբիայի սխալ մոտեցման մասին:

«Սաուդյան Արաբիան չի ընկալում տարածաշրջանային իրավիճակն ու շարունակում է իր ռազմականացված քաղաքականությունը, ճնգնաժամի ու լարվածության հրահրումը»,- հավելել է Մուսավին:

Նա նաեւ հույս է հայտնել, որ թագավորությունը ճիշտ ուղու վրա կկանգնի եւ նոր՝ երկխոսության եւ փոխգործակցության վրա հիմնված քաղաքականություն կվարի: