Գալիս է ինչ–որ պահ, երբ հասկանում ես, որ ինչ-որ մարդկանց հետ նույն ոլորտում քո ներկայությունը վարկաբեկում է քեզ ու քո կարողությունը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Համազգային թատրոնի արդեն նախկին փոխտնօրեն Մանուկ Նիգոյանը, ով ավելի վաղ ազատման դիմում էր գրել։

«Գալիս է ինչ–որ պահ, երբ հասկանում ես, որ ինչ-որ մարդկանց հետ նույն ոլորտում քո ներկայությունը վարկաբեկում է քո կարողությունը։ Ոչ թե որովհետեւ իրենք շատ վատն են, այլ որովհետեւ իրենք գործից բան չեն հասկանում, բայց որեւէ կերպ դա չեն էլ ընդունում։ Որպեսզի ավելի անկաշկանդ կարողանաս քննադատել այդ մարդկանց սխալները, որպեսզի կաշկանդված չլինես, պետք է դուրս գաս, ես էլ այսուհետ անկաշկանդ, առարկայական, անուն առ անուն քննադատելու եմ»,–նշեց  նա։

Մանուկ Նիգոյանը հայտնեց նաեւ, որ իր եւ ոլորտի պատասխանատուների պատկերացումներն ոլորտի մասին արմատապես տարբեր էին. «Ես՝ որպես մարդ, ով երկար ժամանակ է զբաղվում է մշակույթով, մենեջմենթով, ունեմ ոլորտի զարգացման իմ հեռանկարները, իմ մտքերը։ Ոլորտի զարգացման այդ հեռանկարները չէին համընկնում պատասխանատուների մտածելակերպի հետ, ավելին՝ դրանք հաճախ բախվում էին»։

Նա մանրամասնեց, որ  մի շարք հարցերում դեմ է եղել տարվող քաղաքականությանը՝ «սկսած հանրային հեռուստաընկերությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարը ուղիղ եթեր հեռարձակելով վերջացրած Կրթության նախարարությունը ԿԳ նախարարության միավորմամբ»։

Թատրոնի արդեն նախկին փոխնախարարն ասաց՝ ազատման դիմումը գրել է հունիսի 4-ին։ «Դիմումը գրելուց հետո այնպիսի դեպքեր են տեղի ունեցել, որոնք վերահաստատել են, որ ճիշտ է ազատման որոշումը։ Այդ դեպքերը անմիջապես ինձ հետ կապ են ունեցել, որոնց մասին առաջիկայում պատրաստվում եմ խոսել։ Սակայն նշեմ, որ այդ դեպքերը Համազգային թատրոնի հետ կապ չունի, ես թատրոնի անձնակազմի հետ լավ հարաբերություններ ունեմ, բայց կապ ունեն ոլորտի թիվ մեկ պատասխանատուի հետ»,–նշեց նա՝ հավելելով նաեւ, որ լավ հարաբերություններ ունի նաեւ Համազգայինի տնօրեն Արման Նավասարդյանի հետ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեփական դիմումի համաձայն՝ Մանուկ Նիգոյանն ազատվել է Համազգային թատրոնի փոխտնօրենի պաշտոնից: