Արարատի մարզում, հունիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 23։00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 45-ամյա Կարեն Խ.-ն իր վարած Mercedes Benz Sprinter մակնիշի 837 AD 61 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Երասխ ավտոճանապարհի 32 կմ հատվածում՝ Շահումյան գյուղի վարչական տարածքում, դեպի Երեւան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթեւեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշին եւ կողաշրջված վիճակում հայտնվել ջրատարի մեջ։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով Կարեն Խ.-ն քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով դուրս է բերվել ջրատարից եւ տեղափոխվել ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։