Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բարսեղյանի համար անակնկալ չէր Վերաքննիչ դատարանի` իրենց բողոքը մերժելու դատարանի որոշումը: Այս մասին այսօր` հունիսի 18-ին դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Բաղդասարյանը: «Ինչ կարելի է սպասել դատական իշխանությունից, որն ամբողջովին թաթախված է կեղտի եւ կոռուպցիայի մեջ,  որն ընտրովի արդարադատություն է իրականացնում, որն ընկած է գործադիրի կոշիկի տակ»,- նշեց փաստաբանը:

Պաշտպանի խոսքով` դատարանի որոշումը ստանալուց անմիջապես հետո այն կուղարկեն ՄԻԵԴ, որտեղ առաջնահերթության կարգով քննվում է Մանվել Գրիգորյանի գործը` անօրինական կալանքի եւ խոշտանգման հետ կապված։ «Ես կարծում եմ` ժամանակն է տոտալ փոփոխությունների ոչ միայն դատական համակարգում, այլեւ դատախազությունում»,-եզրափակեց Բաղդասարյանը: 

Հիշեցնենք, որ այսօր` հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը որոշում կայացրեց մերժել  գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու վերաբերյալ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքն ու գրավի միջնորդությունը։

Պաշտպանները բողոքարկում էին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մատիրոսյանի՝ Մանվել Գրիգորյանի կալանավորումն ուժի մեջ թողնելու մայիսի 2–ի որոշումը։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը ներկայումս բուժում է ստանում «Նաիրի» ԲԿ–ում։ Նա ծայրահեղ ծանր վիճակով հունիսի 6–ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց՝ «Նաիրի» ԲԿ։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար: