Այսօր՝ հունիսի 18-ին ժամը 07:42-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ շրջանի Բերքաձոր համայնքի մոտակայքում, Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար:

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ահազանգով ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր՝ օգնություն ցուցաբերելու նպատակով:  Տեղ հասնելուց պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի Գ. Լուսավորիչի  84 հասցեի բնակիչ Կ. Բ.-ն (ծնվ. 1997 թ.)  իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ շրջվել:

Վթարի հետեւանքով տուժած ուղեւոր՝ Ստեփանակերտ քաղաքի Գ.Լուսավորիչի 76 հասցեի բնակիչ՝ Վ. Գ.-ն  (ծնվ. 1996թ.) տեղափոխել է քաղաք Ստեփանակերտ՝ զինվորական հոսպիտալ:

Տուժած վարորդ Կ. Բ.-ին եւ ուղեւորներ՝ Ստեփանակերտ քաղաքի Մ.Գոշ 10 հասցեի բնակիչ՝ Ա. Բ.-ին  (ծնվ. 1994թ.) եւ Ստեփանակերտ քաղաքի Մ. Բաղրամյանի 15 հասցեի բնակիչ Բ. Մ.-ին (ծնվ. 1953թ.) փրկարարները ցուցաբերել են օգնություն եւ տեղափոխել Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:

Ըստ բժիշկներից ստացված տեղեկության` վթարի հետեւանքով տուժած Ա. Բ.-ն հիվանդանոցում մահացել է, իսկ մնացած տուժածների առողջական  վիճակը գնահատվում է միջին ծանրության: