Հիմնադրամի գործունեության 28 տարիների ընթացքում իրականացվել են 370 մլն դոլարի ծրագրեր։ Այս մասին «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի ամենամյա հավաքի ընթացքում հունիսի 18-ին ասել է նրա գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։

Նրա խոսքով՝ շնորհիվ ընդհանուր ջանքերի հաջողվել է մասամբ վերականգնել Հիմնադրամի հանդեպ խափանված վստահությունը, բայց պետք է էլի շատ աշխատանք կատարել, որպեսզի այն վերադարձվի նախնական մակարդակին։

Նա ավելացրել է, որ Հիմնադրամում իրականացվել են կառուցվածքային փոփոխություններ, օպտիմալացում (աշխատակիցների թիվը կրճատվել է՝ 47-ից հասնելով 35-ի), նոր կադրերի ներգրավում, տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ, քննարկվում է հեռուստամարաթոնների հեռարձակումն ընդլայնելու հնարավորությունը։ «2018 թվականին Հիմնադրամն իրականացրել է մոտ 100 ծրագիր տարբեր ոլորտներում։ Այս պահին իրականացվում են կատարված աշխատանքների գնահատման աշխատանքներ։ Հայաստանում եւ Ղարաբաղում խոշոր նախագծերի շրջանակում մոտ 164 կառույց ապահովվել է արեւային ջրատաքացուցիչներով, կառուցվել են 4 մանկապարտեզ եւ 2 դպրոց, 1 ֆոտովոլտային կայան։ Ղարաբաղում կառուցվել է 9, վերակառուցվել 10 տուն, կառուցվել է նաեւ հանրային նշանակության մոտ 10 կենտրոն։ Բարերարների ջանքերով Ղարաբաղի 14 համայնքներում այս պահին կա ջրամատակարարում։ Առողջապահության ոլորտում իրականացվել են 419 վիրահատություն, 2600 բուժզննում։ Հիմնադրամի հանդեպ վստահության աճի մասին վկայում է այն փաստը, որ 2018 թվականին, 2017-ի համեմատ, հեռուստամարաթոնի մասնակիցների թիվն ավելացել է 20 տոկոսով։ Տարբեր երկրներից Հայաստան եւ Ղարաբաղ են այցելել մոտ 70-80 բժիշկներ, որոնք բազմաթիվ վիրահատություններ եւ բուժզննումներ են կատարել»,- նշել է նա։

Հայկակ Արշամյանն ընդգծել է սփյուռքի ներկայացուցիչների հանդեպ վերաբերմունքի փոփոխության կարեւորությունը, այդ թվում պարզ մարդկային հարաբերությունների տեսակետից։

Նշենք, որ Երեւանում հունիսի 18-ին ընթանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի ամենամյա հավաքը։