ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն՝ իրեն պատկանող Ծիրանի այգում տեղի ունեցած  հրդեհի հետ կապված։ Այս մասին այսօր՝ հունիսի 18–ին դատարանում լրագրողների հետ զրույցում հայտարեց Ամիրյանը։

Նա նշեց, որ այգին ամբողջությամբ այրվել է։ Հարցին, կարսկածներ ունի՞, թե այգին միտումնավոր են այրել, Ամիրյանը չպատասխանեց։

Նշենք, որ հունիսի 16–ի երեկոյան հրդեհ է բռնկվել նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին պատկանող ծիրանի այգում: Այգին գտնվում է Էջմիածին քաղաքի նախկին հացի գործարանի տարածքում:

Հիշեցնենք, որ ներկայումս Նազիկ Ամիրյանի և նրա ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ գործը քննվում է դատարանում։

Ըստ մեղադրանքի՝ Նազիկ Ամիրյանը ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։