Սադրանքը չի անցնելու` կհանդիպենք դատարանում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը՝ անդրադառնալով «Վետո» շարժման ղեկավար Նարեկ Մալյանի նախօրեին արված հայտարարություններին:

Արսեն Խառատյանը, մասնավորապես, գրել է.

«Երկար մտածում էի որեւէ կերպ հրապարակային չարձագանքել նախօրեին իմ հասցեին հնչեցված աբսուրդ մեղադրանքներին, քանի որ դրանց անհեթեթության մակարդակը պարզապես ծիծաղելի է: Այսուհանդերձ, հավատարիմ մնալով մեր երկրում հրապարակային վարքագծի փիլիսոփայությանը անհրաժեշտ եմ համարում խնդրին անդրադառնալ նաեւ այստեղ:

Հունիսի 17-ին Նարեկ Մալյան անունով երիտասարդը, տեսանյութ է հրապարակել, որտեղ ի թիվս այլ հարցերի, ինձ մեղադրում է թմրանյութերի հետ առնչության մեջ: Սեւ PR-ով, կեղծիքով, զրպարտություններով հանրային նեգատիվ կերպար ձեւավորելը սեփական անձը կարեւոորելու լավագույն ճանապարհը չի, բայց եթե մարդիկ այդ ճանապարհն են ընտրում, պիտի պատրաստ լինեն նաեւ իրավական պատասխան տալ:

Տեղեկացնում եմ, որ առաջիկա օրերին կոնկրետ զրպարտության մասով դիմելու եմ դատարան: Փաստաբաններիս հետ քննարկում ենք նաեւ այլ հիմքերով Մալյանին պատասխանատվության կանչելու խնդիրը:

Մալյանի եւ իր նմանների կողմից սադրանքների ու հայհոյանքների միջոցով մեզ հունից հանելու փորձերը չեն հաջողվելու, այսուհանդերձ, կոչ եմ անում բոլոր ընկերներիս, բարեկամներիս ու հարազատներիս զերծ մնալ էմոցիոնալ հայտարարություններից կամ գործողություններից: Ակնհայտ է, որ սրանց նպատակն է այս կերպ քաղաքական հալածյալի կարգավիճակ ստանալ եւ փորձել վովագասպարյաններին ծառայելու տարիների իրենց ապօրինությունների ու կամայականությունների դիմաց պատժից ազատվել, ինչը` չի ստացվելու:

Հ.Գ. Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, հրապարակային տարածքում զերծ եմ մնում սրբություններին դիպչելու ձեզ հատուկ անպատասխանատու վարքագծից, քանի որ ձեր մակարդակին իջնելու մասին մտածելն անգամ ինձ համար վիրավորական է»:

Ճի՞շտ են շրջանառվող այն լուրերը, որ Արսեն Խառատյանը թմրանյութերի խոշոր խմբաքանակներ է ներմուծել ՀՀ. ՎԵՏՕ–ն դիմել է ԱԱԾ