Իտալիայի փոխվարչապետ եւ ՆԳ նախարար Մատեո Սալվինին Միացյալ Նահանգների մայրաքաղաքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ հանդիպումների ընթացքում հայտարարել է, որ Իտալիան ցանկանում է Եվրոպայում դառնալ Վաշինգտոնի մերձավորագույն գործընկերը, հայտնում է The Guardian-ը: 

Պարբերականը նշում է, որ Սալվինին հասկացրել է, որ Եվրոպայում ցնցումների ժամանակահատվածում ԱՄՆ-ի եւ Իտալիայի ավելի սերտ հարաբերությունների զարգացման հնարավորություն է տեսնում:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպումից հետո Սալվինին լրագրողներին ասել է. «Այն պահին, երբ Եվրոպայի ինստիտուտները դյուրաբեկ են եւ զգալի փոփոխություններ են կրում, Իտալիան ցանկանում է ԱՄՆ-ի համար դառնալ ամենաամուր, արդյունավետ, հետեւողական եւ հավանական գործընկերը»:

Պարբերականը նշում է, որ Սալվինին նաեւ պետք է հանդիպի ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ, եւ առայժմ հայտնի չէ՝ կկայանա՞ նաեւ կարճատեւ հանդիպում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ որպես քաղաքական աջակցության ժեստ: 

Սալվինին Թրամփի հետ հարաբերությունները զարգացրել է նախագահական ընտրություններից սկսած եւ հայտարարել, որ այն դեպքում, երբ «մյուս երկրներն ընտրել են այլ ճանապարհներ», «Իտալիան ցանկանում է դառնալ Մայրցամաքային Եվրոպայում արեւմտյան խոշորագույն ժողովրդավարության ամենակարեւոր գործընկերը»: