Շատ վատ, արտառոց որեւէ բան չեմ տեսնում, որ Սասուն Միքայելյանը չի ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: Այս մասին, այսօր՝ հունիսի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Սասուն Միքայելյանը լուրջ եւ մեծ ճանապարհ անցած քաղաքական գործիչ է, ինչպես նաեւ ենթադրում եմ, որ իր չընտրվելը, ինչպես նաեւ իմ բավականին ցածր ձայներով ընտրվելը պայմանավորված է նրանով, որ մենք բավական շատ ժամանակ հատկացրել ենք հանրության հետ շփվելուն, բայց ներսում կուսակցական աշխատանքին ժամանակ քիչ ենք տրամադրել: Ես իմ պարագայում կշտկեմ, իսկ Սասուն Միքայելյանի պարագայում իր խոսքը մշտապես հնչել է ու հնչելու է: Նրա կարծիքը միշտ կարեւոր կմնա վարչության անդամների համար»,-ասաց Սիմոնյանը:

Հարցին, թե Սասուն Միքայելյանի կողմից նեղացվածություն չկա՞, նա պատասխանեց. «Ես հենց այդ օրը զրուցել եմ նրա հետ, բավական նորմալ տրամադրությամբ է եղել: Դրանից հետո չեմ խոսել, բայց հասուն, կայացած մարդ է, նեղացվածության մասին սխալ է խոսելը»:

Ինչ վերաբերում է լուրերին, որ Սասուն Միքայելյանը ոչինչ չի արել Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ թեկնածուին աջակցելու համար, Ալեն Սիմոնյանն ասաց. «Ես Աբովյանի ընտրությունների հետ կապված լավ տեղեկացված չեմ, բայց վստահ եմ, որ եթե թիմն աշխատում է, ուրեմն աշխատում է ամբողջությամբ: Իսկ ի՞նչ եք պատկերացնում աջակցություն ասելով:

ՔՊ-ի լոգոն, ՔՊ-ի թիմը եւ վարչապետի ներկայությունը, կարծում եմ, ամենախոսուն բանն էր: Աբովյանի ընտրությունների հետ կապված բոլոր մեկնաբանություններն արվել են եւ դա կապել Սասուն Միքայելյանի աջակցել-չաջակցելու հետ, սխալ է, որովհետեւ որոշումն այն մարդու, ով որոշել է, որ Սասուն Միքայելյանին չպետք է ընտրի եւ պետք է ընտրի Ալենին, չեմ կարծում կապված է եղել Աբովյանի ընտրությունների հետ»: