Facebook ընկերությունը երեքշաբթի՝ հունիսի 18-ին, ներկայացրել է իր սեփական կրիպտոարժույթը Libra անվանմամբ։ Ինտերնետ հսկայի մենեջեր Դեւիդ Մարկուսի խոսքով՝ Facebook-ի էլեկտրոնային փողերը հենվում են բաշխված ռեեստրների այն նույն տեխնոլոգիաների վրա, ինչ եւ Bitcoin-ը, բայց կախված չեն արժույթների փոխարժեքների տատանումներից, տեղեկացնում է DW-ն։

Նախատեսվում է, որ սկզբնական փուլում Libra-ն կօգտագործվի տարբեր արժույթներով կատարվող դրամական փոխանցումների համար։ Այդկերպ կրիպտոարժույթը մրցակցություն կստեղծի այնպիսի ծառայությունների, ինչպիսին են Moneygram-ը եւ Western Union-ը, որոնց օգտագործման համար պետք է հավելյալ վճարել։ Հետագայում, ըստ Մարկուսի, Libra-ն պետք է դառնա ունիվերսալ վճարամիջոց։

Դրան հասնելու համար Facebook-ը գործընկերային համաձայնագիր է կնքել 28 խոշոր ընկերությունների հետ, դրանց թվում՝ Visa, Mastercard, Paypal, Vodafone եւ Ebay։ Մարկուսն ընդգծել է, որ Facebook-ը հատուկ դեր չի խաղա այս «դաշինքում» եւ օգտատերերի տվյալների հասանելիություն չի ստանա։

Ակնկալվում է, որ դրամական փոխանցումները կկատարվեն WhatsApp եւ Messenger հաղորդագրություններով։ Եթե Libra-ի օգտատիրոջ աքաունթը միանա բանկային հաշվին, կարելի կլինի փոխանակել էլեկտրոնային փողերն այլ արժույթով անմիջապես սմարթֆոնով։

Ինչպես տեղեկացվում է Facebook-ի կորպորատիվ բլոգում, ընկերությունը ստեղծել է հատուկ դուստր ձեռնարկություն՝ Calibra, ֆինանսական ծառայություններ մատուցելու համար։ Շարքային օգտատերերը Libra կարող են ձեռք բերել հաջորդ տարի։

Մինչեւ Facebook-ում 2014-ին Messenger ծառայության գծով փոխնախագահի պաշտոնում նշանակվելը Դեւիդ Մարկուսը Paypal ընկերության նախագահն էր։