Սահմանադրական դատարանի անդամին ընտրում է քաղաքական մարմին`Ազգային ժողովը,  ուստի դա քաղաքական որոշում է: Հունիսի 18-ին ԱԺ-ում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածության քննարկման ընթացքում այս մասին ասաց «Իմ քայլը» իշխող դաշինքի խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նա հավաստիացրեց, որ քաղաքական որոշումը բոլորովին կուսակցական որոշում չի ենթադրում:

Մակունցը նաեւ որոշեց  մեկնաբանել ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի խոսքը, որը Վահե Գրիգորյանի անցած մասնագիտական ճանապարհը «բանտային անցյալ» անվանեց:

«Դա «բանտային անցյալ» չէ, այլ քաղբանտարկյալների պաշտպանի, ոտնահարված իրավունքների պաշտպանի անցյալ», -ասաց Մակունցը՝ առանձին Գրիգորյանին գովաբանելով նրա համար, որ «նա չի դավաճանում իր հայտարարություններին, որոնք արվել են նախկինում»: