ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դիմաց այսօր՝ հունիսի 18–ին, բողոքի ցույց են անում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները եւ նրա դեմ հանդես եկող քաղաքացիները։

Դատարանի բակում կարգուկանոնը հսկում են մի խումբ ոստիկաններ ու դատական կարգադրիչներ, տեղադրվել են նաեւ արգելապատնեշներ։

Քոչարյանի աջակիցները իրենց հետ բերել են «Իմ հերոսը պետք է լինի ազատության մեջ» գրառմամբ պաստառներ, իսկ ընդդեմ Քոչարյանի ակցիայի մասնակիցները բերել են «Քոչարյան, հանցագործ» գրառմամբ պաստառներ։ Դատարանի բակում իրավիճակը լարված է. Քոչարյանի աջակիցները վանկարկում են «Ազատություն», իսկ ընդդեմ Քոչարյանի ակցիայի մասնակիցները՝ «Հանցագործ»։

Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությունը։ Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու եւ նույն դատարանի մայիսի 20֊ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Քոչարյանի պաշտպանները պնդում են, որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։