Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին հրավիրելը՝ կապված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հանդիպելու հետ չի ենթադրում ՌԴ-ի նկատմամբ Հայաստանի դիրքորոշման խստացում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը: Նա միաժամանակ հավաստիացրեց, որ Հայաստանը միատեսակ խիստ դիրքորոշում ունի բոլորի նկատմամբ, ովքեր նույնիսկ տեսականորեն կփորձեն մտնել երկրի ներքին գործերի մեջ:

Նշելով, որ հանդիպման մանրամասներին տեղյակ չէ՝ խոսնակը կրկին հավաստիացրեց, որ անձամբ ինքը չի ողջունում: «Ինքս բազմիցս հանդիպել եմ դեսպանին, շատ հարցեր ենք քննարկել: Այդ թվում՝ խոսել ենք անկախության հանդեպ հարգանքի մասին»,- իրազեկեց Միրզոյանը՝ հավելելով, որ դեսպանին արդեն հրավիրել են ԱԳՆ, եւ չարժի հետագայում իրավիճակը լարել:

Պարզաբանելով նախկին նախագահի հետ դեսպանի հանդիպման փաստի հանդեպ բացասական վերաբերմունքի պատճառները՝ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ընդհանրապես սովորական երեւույթ է դեսպանների հանդիպումները քաղաքական գործիչների հետ, բանն այդ չէ, այլ այն, որ Ռոբերտ Քոչարյանը «դասական քաղաքական գործիչ չէ»: Միրզոյանի կարծիքով՝ հանդիպումը մի մարդու հետ, որին շատ ծանր մեղադրանք է առաջադրված, կարող է ինչ-որ կերպ ազդել դատավարության վրա:

Դրանով իսկ խոսնակը փաստացի անտեսեց անմեղության կանխավարկածը: