Փաստաբանը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն իր պաշտպանյալի պատշաճ բուժօգնությունը կազմակերպելու հարցում, տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

Փաստաբանի պնդմամբ՝ իր պաշտպանյալն ունի առողջական լուրջ խնդիրներ, իսկ քրեակատարողական հիմնարկի կողմից ցուցաբերված բուժօգնությունը որեւէ դրական ազդեցություն չի ունենում, արդյունքում նրա վիճակն օր օրի վատանում է: Նույն հարցով Պաշտպանին է դիմել նաեւ կալանավորված անձի եղբայրը։

Բարձրացված հարցի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ, ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ, այդ թվում՝ գրություններ են հասցեագրվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն, ինչպես նաեւ իրականացվել է այց քրեակատարողական հիմնարկ: Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել կալանավորված անձի հետ:

Վերջինս բարձրացրել է խնդիրներ առողջական վիճակի եւ  խցային պայմանների հետ կապված: Մասնավորապես, նշել է, որ առողջական վիճակով պայմանավորված խցի սանհանգույցից ինքնուրույն օգտվել չի կարողանում, քանի որ այն ասիական տիպի է:

Լրացուցիչ գրություններ են ուղարկվել քրեակատարողական ծառայություն անձի ստացիոնար բուժումը կազմակերպելու եւ սանհանգույցից օգտվելու հնարավորությունը ապահովելու հարցով:

Քննարկման արդյունքում, Պաշտպանի աջակցությամբ, կալանավորված անձը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ ստացիոնար հետազոտությունների եւ բուժման համար: