Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանին հասցեագրած ընդդիմության քննադատությունն անլուրջ եմ համարում: Այս մասին հունիսի 18-ին ԱԺ նիստում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» դաշինքից խորհրդարանի փոխխոսնակ Լենա Նազարյանը:

Իր ելույթի ընթացքում նա նաեւ անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին:

«Էդմոն Մարուքյանն իր հարցազրույցներում կարծիք է հայտնել, որ Վահե Գրիգորյանը կաշկանդված է իշխող կուսակցության հետ մտերիմ հարաբերություններով: Կցանկանայի պարոն Մարուքյանին եւ խմբակցության մյուս անդամներին հարցնել՝ նրանց ինչ-որ կերպ կաշկանդո՞ւմ է նախկին խմբակցության շրջանակում Փաշինյանի հետ գործընկերությունն ու ծանոթությունը, որպեսզի այսօր ընդդիմություն լինեն: Կարծում եմ՝ ոչ: Այդ դեպքում ինչո՞ւ պետք է կաշկանդի Վահե Գրիգորյանին»,- հայտարարեց Նազարյանը:

Նա հստակեցրեց, որ Վահե Գրիգորյանի հետ իրենց հարաբերությունները ոչ թե անձնական ընկերություն են, այլ «գործընկերություն հանուն իրավական պետության կառուցման»:

Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների պարբերաբար բարձրաձայնվող այն հայտարարություններին, որ Վահե Գրիգորյանը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին ոչ լեգիտիմ է համարում, Նազարյանը նշեց, որ Վահե Գրիգորյանը պնդում է նախագահի ընտրությունների գործընթացի իր իրավական գնահատականը:

«Անկեղծ ասած՝ այս հանգամանքն ավելի է ամրապնդում Վահե Գրիգորյանի որպես պրոֆեսիոնալի, սկզբունքային իրավաբանի հանդեպ իմ վստահությունը»,- պարզաբանեց ԱԺ փոխխոսնակը:

Դիմելով Վահե Գրիգորյանին՝ ԱԺ փոխխոսնակը հայտարարեց, որ նրանից խոշոր բարեփոխումներ են պահանջում:

«Պարոն Գրիգորյան, մենք Ձեզնից սպասում ենք հեղափոխական ալիք, որը կներմուծվի Սահմանադրական դատարան: Ինձ համար արժեքավոր է, որ ես՝ որպես պատգամավոր, այսպիսի ընտրություն կատարելու հնարավորություն ունեմ»,- ամփոփեց Նազարյանը:

Նշենք, որ Գրիգորյանի թեկնածության օգտին կողմ է քվեարկել 99 պատգամավոր, դեմ է հանդես եկել 22 պատգամավոր: