ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կնոջը պատկանող Ծիրանի այգում տեղի ունեցած  հրդեհի հետ կապված ոստիկանության Վաղարշապատի  նյութեր են նախապատրաստվում։

NEWS.am–ին ոստիկանությունից հայտնեցին, որ հունիսի 17–ին, ժամը 20։00–ին ոստիկանությունում քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ իրենց ընտանիքին պատկանող Պետտնկարան (խմբ– ներկայիս Նոր ուղի) գյուղում գտնվող 3 հեկտար ծիրանի այգիները՝ բերքը վրան այրվել է։

Դեպքի կապակցությամբ  նշանակվել են դատաապրանքագիտական եւ հրդեհատեխնիկական համալիր փորձաքննություններ, վնասի չափը պարզվում է։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 18–ին դատարանում լրագրողների հետ զրույցում Նազիկ Ամիրյանը հայտարել էր, որ իրենց այգին ամբողջությամբ այրվել է։

Ավելի վաղ հայտնել ենք, որ հունիսի 16–ի երեկոյան հրդեհ է բռնկվել նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին պատկանող ծիրանի այգում: Այգին գտնվում է Էջմիածին քաղաքի նախկին հացի գործարանի տարածքում:

Հիշեցնենք, որ ներկայումս Նազիկ Ամիրյանի եւ նրա ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ գործը քննվում է դատարանում։

Ըստ մեղադրանքի՝ Նազիկ Ամիրյանը ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։