Հունաստանը Եվրամիության առաջնորդներին կոչ է անում դատապարտել Թուրքիային՝ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում գործողությունների համար, հաղորդում է AP-ը:

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Բրյուսելում Եվրոպական խորհրդի նիստի ընթացքում հայտարարել է, որ ԵՄ առաջնորդները պետք է միանշանակ դատապարտեն Թուրքիայի անօրինական գործողությունները:

Թուրքիան հորատման նավ է ուղարկել Կիպրոսի ափերի մոտ՝ պնդելով, որ այն պաշտպանում է այսպես կոչված թուրք-կիպրացիների շահերը:

Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում բնական գազի խոշոր հանքավայրեր են հայտնաբերվել: 2011 թվականին ամերիկյան Noble Energy ընկերությունը հայտնաբերել է, մասնավորապես, «Աֆրոդիտա» հանքավայրը, որի պաշարները գնահատվում են գրեթե 140 մլրդ խորանարդ մետր:

Անցած շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է թուրք-կիպրացիների շահերը պաշտպանելու պատրաստակամության մասին: Հունիսի 10-ին Կիպրոսի Հանրապետության իշխանությունները թուրքական «Ֆաթիհ» հորատման նավի անձնակազմի անդամների ձերբակալման կարգադրագիր են տվել: կալանքի սպառնալիքի տակ է հայտնվել 25 մարդ, այդ թվում՝ հորատման նավի անձնակազմն ու թուրքական պետական նավթային TPAO (Turkish Petroleum Corporation) ընկերության աշխատակիցներ: