Կիպրոսը հույս ունի, որ ԵՄ-ը կոշտ դիրքորոշում կզբաղեցնի Թուրքիայի նկատմամբ՝ կապված Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի գործողությունների հետ, հաղորդում է AFP-ը:

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը նշել է, որ լավատես չէ այն հարցում, որ Թուրքիան կփոխի իր մարտավարությունը, սակայն ակնկալում է, որ Բրյուսելը կոշտ դիրքորոշում կզբաղեցնի այդ խնդրի լուծման ժամանակ:

«Հուսով եմ՝ ԵՄ-ը վճռական կլինի առավել ուժեղ ուղերձ հղելու հարցում: Դա մեր նպատակն է»,- ասել է Կիպրոսի նախագահը:     

Թուրքիան հորատման նավ է ուղարկել Կիպրոսի ափերի մոտ՝ պնդելով, որ այն պաշտպանում է այսպես կոչված թուրք-կիպրացիների շահերը:

Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում բնական գազի խոշոր հանքավայրեր են հայտնաբերվել: 2011 թվականին ամերիկյան Noble Energy ընկերությունը հայտնաբերել է, մասնավորապես, «Աֆրոդիտա» հանքավայրը, որի պաշարները գնահատվում են գրեթե 140 մլրդ խորանարդ մետր:

Անցած շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է թուրք-կիպրացիների շահերը պաշտպանելու պատրաստակամության մասին: Հունիսի 10-ին Կիպրոսի Հանրապետության իշխանությունները թուրքական «Ֆաթիհ» հորատման նավի անձնակազմի անդամների ձերբակալման կարգադրագիր են տվել: կալանքի սպառնալիքի տակ է հայտնվել 25 մարդ, այդ թվում՝ հորատման նավի անձնակազմն ու թուրքական պետական նավթային TPAO (Turkish Petroleum Corporation) ընկերության աշխատակիցներ: