Ես ուզում եմ հավաստիացնել, որ ինձ ճանաչող յուրաքանչյուր մեկը ձեզ կվստահեցնի, որ իմ համար ամենանախընտրելի տարբերակը կլիներ ներողություն խնդրելը եւ այդքանով թեման փակելը: Այս մասին, այսօր՝ հունիսի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց քիչ առաջ ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք պատրաստվում է ներողություն խնդրել նախկինում ՀՀ նախագահի հասցեին հնչեցրած վիրավորանքների համար:

«Ես հիմա պաշտոնական կարգավիճակում եմ, ես այդ պաշտոնական կարգավիճակն ունեի նաեւ թեկնածու եղած ժամանակ: Ես այդ արտահայտությունները կատարել եմ ազատ քաղաքացու կարգավիճակում, եւ որեւէ կերպ չեմ ցանկանա ՀՀ քաղաքացուն ուղերձ հղել, որ երբեւէ իր արտահայտվելու ազատության իրավունքի շրջանակերում կատարած թեկուզ ցնցող, թեկուզ կոպիտ արտահայտությունների համար ինչ-որ պահի իրենք ներողություն խնդրելու հարցի առջեւ կանգնեն»,- ասաց Վահե Գրիգորյանը՝ հավելելով, որ խնդիրը բարոյական հարթության մեջ է:

Նա ընդգծեց. «Եթե դուք ընտրություն եք կատարելու փսեւդո քաղաքավարության եւ իշխանության նկատմամբ բողոք բարձրացնելու միջեւ, իմ ուղերձն է՝ ընտրեք բողոք բարձրացնելը, թեկուզ այդ բողոքի հասցեատերը»:

Ըստ նրա՝ նախագահ Սարգսյանի կողմից իրեն ՍԴ անդամի պաշտոնում ներկայացնելը, երբ ինքը ժամանակին քննադատել է նրան, շատ ավելի ուսուցողական է, քան եթե նա ներկայացներ մի թեկնածուի, ով իրեն մշտապես գովաբանել է: