Մոսկվան հասկանում է, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) իրավիճակում Իրանի գործողությունները կրում են պարտադիր, կետավոր եւ հակադարձելի բնույթ: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովի հայտարարության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ռուսաստանը հասկանում է, որ ԳՀՀԾ-ի իրավիճակում Իրանի գործողությունները կրում են պարտադիր, կետավոր եւ կարեւորը՝ հակադարձելի բնույթ: Հասկանում ենք եւ կիսում ենք իրանական կողմի հիասթափությունը՝ կապված ԳՀՀԾ-ի դանդաղեցման առիթով Թեհրանի մտահոգությունը հաշվի առնելու խնդրանքին ադեկվատ արձագանքի բացակայության հետ»,- ասվում է Ռյաբկովի հայտարարության մեջ:

Նա նաեւ նշել է, որ Իրանն իրականացնում է իր բոլոր պարտավորությունները եւ մնում է ԳՀՀԾ շրջանակներում: Նրա խոսքով՝ Ռուսաստանը մշտապես նշում է միջուկային գործարքի բոլոր մասնակիցների կողմից իրենց պարտավորությունների իրականացման անհրաժեշտության մասին:

«ԱՄՆ-ը պարտավոր է վերադառնալ իր պարտավորությունների իրականացմանը, չեղարկել Իրանի դեմ 2018թ. մայիսից վերականգնված պատժամիջոցներն ու դադարեցնել մյուս բոլոր երկրների կողմից համաձայնությունների իրականացման խոչընդոտումը»,- նշվում է հայտարարության մեջ:

«Խորհուրդ ենք տալիս մեր ամերիկացի գործընկերներին մտածել, թե տվյալ համատեքստում ո՞ւմ գործողություններն են նման շանտաժի»,- հավելել է Ռյաբկովը:

Հայտարարության մեջ ասվում է նաեւ, որ ԱՄՆ-ը կործանիչ հարված է հասցրել գլոբալ դիվանագիտական ձեռքբերումներից մեկին՝ հրաժարվելով իր պարտավորություններից: