ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստանի Դաշնության ՈՒֆա քաղաքում «Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների ամենամյա տասներորդ հանդիպման» շրջանակներում այսօր՝ հունիսի 18-ին, հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից։

Սա երկու երկրների ԱԽ քարտուղարների առաջին հանդիպումն էր։ Կողմերը գոհունակությամբ նշել են, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակադակի վրա, օրակարգում առկա է զարգացման միտում։

Քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդգծել է վերջերս Իրանի Մեջլիսում ԵԱՏՄ-ի հետ ժամանակավոր ազատ առեւտրի գոտու պայմանագրի վավերացման փաստը՝ նշելով, որ դա կարող է լավ խթան հանդիսանալ երկկողմ առեւտրատնտեսական կապերի հետագա զարգացման համար։

Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հրավիրել է իր իրանցի գործընկերոջը Երեւան եւ ստացել փոխադարձ հրավեր։

Անդրադարձ է կատարվել էներգետիկ, անվտանգության, պարենային, ենթակառուցվածքների ոլորտներում առկա համագործակցությանը եւ դրա ծավալման անհրաժեշտությունը։

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հատուկ կարեւորել է Ղարաբաղյան հիմնահարցում Իրանի կողմից ցուցաբերվող հավասարակշռված վերաբերմունքը, ինչին Ալի Շամխանին արձագանքել է, որ Իրանի համար կարեւոր է տարածաշրջանում խաղաղության հաստատումը եւ համագործակցության խորացումը։

Ալի Շամխանին ներկայացրել է ՀՀ վարչապետի՝ Իրան կատարած այցի արդյունքում գրանցված որոշումների կատարողականների վիճակը։

Արմեն Գրիգորյանը ՈՒֆա քաղաքում հանդիպել է նաեւ ՉԺՀ կոմունիստական կուսակցության կենտրոնական հանձնաժողովի Քաղբյուրոյի անդամ, քաղաքական-իրավական հարցերի կոմիտեի քարտուղար Գո Շենկունի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը ընդգծել են հայ-չինական հարաբերությունների հարուստ պատմական փորձը եւ «Մեծ մետաքսի ճանապարհ»-ի գաղափարի շուրջ ծավալված համագործակցության վերականգնման կարիքը՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի շրջանակներում։

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հատուկ անդրադարձ է կատարել Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման ծրագրում չինական կողմի հետաքրքրվածության եւ ներդրումային հնարավորությունների բարձրացման կարեւորությանը եւ հայկական կողմի շահագրգիռ մոտեցմանը։

Քարտուղար Շենկունը կարեւորել է Հայաստանի կողմից «Մեկ Չինաստանի» սկզբունքի ընդունումը եւ աջակցությունը։

ԱԽ քարտուղարը նշել է Ղարաբաղյան հիմնահարցում Չինաստանի ցուցաբերած մշտապես զուսպ եւ հավասարակշիռ վերաբերմունքի կարեւորությունը։

Ձեռք են բերվել պայմանավորվածություններ երկկողմ այցելություններ կազմակերպելու շուրջ։

Կողմերը գոհունակությամբ արձանագրել են տարեցտարի ամրապնդվող առեւտրատնտեսական կապերի եւ Հայաստանում ավելացող չինացի զբոսաշրջիկների փաստը։

Կարեւորվել է Հայաստանի ուժային կառույցների ներկայացուցիչների ներգրավումը չինական կողմի նախաձեռնությամբ կազմակերպվող վերապատրաստման ծրագրերին։