ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) զորքերում հակաօդային պաշտպանության համակարգի ամբողջական ընդգրկմամբ մեկնարկած զորավարժությանը զուգահեռ, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ՀՕՊ ստորաբաժանումների մասնակցությամբ այսօր՝ hունիսի 18-ին մեկնարկել են մարտական հրաձգությամբ զորավարժություններ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Զորավարժությունների նպատակն է համատեղ կիրառման հարցերի ներդաշնակումը, միասնական կառավարման համակարգերի, ռադիոլոկացիոն հետախուզության եւ զենիթային կրակի վարման արդյունավետության, ինչպես նաեւ մարտական հաշվարկների պատրաստության մակարդակի բարձրացումը:

Մարտական հրաձգությանն ընդգրկված են ժամանակակից ՀՕՊ զինատեսակներ` Ս-300, արդիականացված Ս-125, «Օսա-ԱԿ» եւ «Ստրելա-10» զենիթահրթիռային համալիրներ, «Իգլա-Ս» եւ «Վերբա» դյուրակիր զենիթահրթիռային համակարգեր: Զորավարժություններին մասնակցում են նաեւ հայրե¬նական արտադրության նորագույն ռադիոլոկացիոն կայաններով սպառազի¬նված ՀՕՊ ստորաբաժանումներ: