ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները երրորդ անգամ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով բողոքները քննող դատավոր Արմեն Դանիելյանին։

 Ինքնաբացարկի միջնորդությունը հրապարակեց Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը։

Դատավորին ինքնաբացարկ ներկայացնելու հիմքն այս անգամ նախագահող դատավոր Արմեն Դանիելյանի՝ հունիսի 18–ի դատական նիստում դրսեւորած վարքագիծն է։

Խուդոյանը հիշեցրեց, որ հունիսի 18–ի դատական նիստում նախագահող դատավոր Դանիելյանը պարբերաբար ընդհատել է պաշտպաններին՝ թույլ չտալով նրանց առարկություններ ներկայացնել իր գործողությունների դեմ։

Ըստ նրա՝ դատավորի գործողությունների արդյունքում սահմանափակվել են պաշտպանների իրավունքները, ինչը հիմք է տվել պաշտպանական կողմին պնդելու, որ նախագահող դատավորը կանխակալ վերաբերմունք ունի մեղադրյալների նկատմամբ։

 Այս հիմքով էլ Խուդոյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավորին՝ միջնորդելով յրան այս գորչծով բացարկ հայտնել։

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը եւ տուժող Արթուր Ավագյանը բողոքարկել են մայիսի 18-ի՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու եւ նույն դատարանի մայիսի 20֊ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:

Նշենք, որ ներկայացված բողոքների վերաբերյալ 4 առարկություն է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին, քննելով Քոչարյանի խափանման միջոցի հարցը, որոշել էր նրան ազատել կալանքից Արցախի Հանրապետության նախկին եւ ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ:

Երկու օր անց՝ մայիսի 20-ին, դատարանը որոշել էր կասեցնել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի եւ Արմեն Գեւորգյանի գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան` պարզելու համար այս գործով կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի եւ դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչեւ 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության պահանջներին: ՍԴ–ն էլ օրերս որոշում է կայացրել մեկ ամսով երկարաձգել է Քոչարյանի եւ մյուսների գործով դատավորի դիմումն ուսումնասիրելու ժամկետը։