Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով այսօր՝ հունիսի 19-ին այցելել է Ողջաբերդ համայնք, որի բնակիչները նախօրեին բողոքի ակցիա էին իրականացնում:

Մարզպետարանից հայտնում են, որ այցի օրակարգում տարիներ շարունակ սողանքային գոտու բնակիչներին հուզող փոխհատուցում տալու հարցն էր:

Ռոմանոս Պետրոսյանը խնդրի լուծման փաթեթով էր Ողջաբերդում: Նա հանդիպել է բնակիչներին եւ վերջիններիս հետ քննարկել սողանքային գոտու խնդիրը:

Մարզպետը ողջաբերդցիներին հայտնել է, որ խնդրի լուծման ուղղությամբ արդեն իսկ գործուն քայլեր են իրականացվում:

«1-ին փուլում վթարայնության ամենաբարձր վիճակում գտնվող 10 ընտանիքներ 2019 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդից փոխհատուցում կստանան: 2-րդ փուլում ռիսկային վիճակում գտնվող եւս 49 ընտանիքներ կփոխհատուցվեն. զուգահեռ կգնահատվի նրանց կարիքները եւ երրորդ փուլում կավարտենք ծրագիրը՝ եւս 47 ընտանիքների փոխհատուցման հեռանկարով»,-ողջաբերդցիների հետ հանդիպմանն ասել է մարզպետը:

Առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում մարզպետարանի քաղաքաշինության վարչության, Քաղաքաշինության Պետական Կոմիտեի, Արտակարգ Իրավիճակների նախարարության, Ողջաբերդի համայնքապետարանի ներկայացուցիչներից կձեւավորվի աշխատանքային խումբ, եւ փորձագետների խումբը կսկսի աշխատել սողանքային գոտու բնակիչների կարիքները գնահատելու ուղղությամբ:

Մարզպետը վստահեցրել է, որ 106 ընտանիքներ իրենց կրած վնասների չափով փոխհատուցում կստանան, եւ խնդիրն այլեւս կառավարության եւ Կոտայքի մարզպետարանի օրակարգում է: