ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է Հայաստանին 40 մլն դոլար հավելյալ օգնություն տրամադրելու կոնգրեսական Ջեքի Սփիրի նախաձեռնությունը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»

Կոնգրեսում Հայաստանին հավելյալ օգնության տրամադրմանը կողմ է քվեարկել գրեթե 2/3-ը՝ 268 ներկայացուցիչ: Նախաձեռնության հեղինակ, հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Ջեքի Սփիրի խոսքով, ԱՄՆ կողմից Հայաստանին հավելյալ օգնության տրամադրումը կարեւոր խորհրդանշական քայլ է նաեւ, քանի որ վկայում է, որ ԱՄՆ-ում գնահատում են Հայաստանի կողմից թավշյա հեղափոխությունից հետո ժողովրդավարության ճանապարհին արված լուրջ քայլերը:

Ավելի վաղ Սփիրը հայտնել էր, որ այդ հավելյալ 40 մլն դոլարը կուղղվի Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը եւ կառավարության պատասխանատվության մեծացմանը:

«Սա մի փոքր աջակցություն է մի երկրի, որ ինքնուրույն կառուցել է ժողովրդավարություն»,-ասել է նա՝ հավելելով, որ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի համար եզակի հնարավորություն է բացվել միավորվելու եւ ժողովրդավարության ճանապարհով երկիրը հասցնելու բարգավաճման: