ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է խոշոր չափերով գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 27-ամյա երիտասարդին:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019 թվականի փետրվարի 6-ին` ժամը 23։20-ի սահմաններում, առերեւույթ հանցագործությունը կատարած անձը, քարի գործադրմամբ դիտավորությամբ հարվածել եւ կոտրել է Երեւան քաղաքի Կոմիտաս պողոտայում գործող բջջային հեռախոսների խանութի մուտքի ապակյա դուռը, ապօրինի մուտք գործել սրահ եւ հափշտակել տարբեր մոդելի բջջային հեռախոսներ՝ պատճառելով խոշոր չափերի` 1.510.000 ՀՀ դրամի վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երեւան քաղաքի 27-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով ու 185-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: