ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Վահե Մելոյանը, ով 50 օր գտնվում էր հացադուլի մեջ և հունիսի 15-ից գտնվում էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, այսօր դուրս է եկել հացադուլից: Այս մասին ֆեյսբուքյան իր թջում գրել է ՀՀ  գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Հիշեցնեմ, որ հացադուլում գտնվելու ընթացքում 4 անգամ նրան այցելել էին դատախազությունից, վերջին անգամ նրան այցելել էր իրեն վերաբերող քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը: Հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ հունիսի 17-ին՝ այցելել էր նաև քննիչը»,–գրել է նա։

Նշենք, որ կալանավորը ծայրահեղ այս քայլով իր բողոքն էր արտահայտում քննչական մարմինների դեմ՝ պնդելով, որ իրեն կեղծ մեղադրանք են առաջադրել:

Նշենք, որ Վահե Մելոյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝  ավազակությամբ ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակություն կատարելու և ապօրինի կերպով զենք–զինամթերք պահելու համար։