Ղարաբաղյան խնդրի լուծումը սերտորեն կապված է փախստականների խնդրի լուծման հետ։ Այս մասին հունիսի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար Գրիգորի Այվազյանը։

Փորձագետի խոսքով՝ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հայեցակարգի մշակման գործում հարկավոր է ներառել փախստականների խնդիրը որպես հարցի անքակտելի մաս։ «Ի տարբերություն ադրբեջանցիների, որոնք ակտիվ քաղաքականություն են վարում Ղարաբաղի այսպես կոչված «ադրբեջանցի փախստականների» ներկայացուցիչներին բանակցային գործընթացում ներառելու ուղղությամբ, այդ թվում ԵԱՀԿ-ի միջոցով, հայկական կողմը ոչ մի կերպ չի բարձրացնում այդ հարցը։ Սակայն ակնհայտ է, որ, առաջին հերթին, հենց հայկական կողմը պետք է բարձրացնի փախստականների խնդիրը։ Պետք է միջազգային հանրությանը ներկայացնել, որ հենց էթնիկական հալածանքներն ու իրենց պաշտպանելու ձգտումն են հանգեցրել Ղարաբաղում ինքնապաշտպանություն սկսելու անհրաժեշտությանը, եւ այդկերպ լեգիտմացնելու ղարաբաղահայերի՝ Ադրբեջանի կազմից դուրս ապրելու ձգտումը»,- պարզաբանել է նա։

Այվազյանն ավելացրել է, որ հարցի քաղաքական կողմից բացի Հայաստանը պետք է նաեւ զբաղվի Ադրբեջանից փախստականների սոցիալական խնդիրների լուծմամբ, որոնք կազմում են երկրի բնակչության 12 տոկոսը, որոնք ապրում են վատ պայմաններում եւ ոչ մի սոցիալական երաշխիք չունեն։ «Այս ամենն ասվում է 30 տարի շարունակ, բայց խնդիրն այդպես էլ լուծված չէ։ Եվ եկել է ժամանակը, որպեսզի դրանով սկսեն զբաղվել ոչ թե դիլետանտները, որոնք փորձում են շահ կորզել, այլ պրոֆեսիոնալները։ Բացի այդ, անհրաժեշտ ենք համարում կառավարությունում Տեղեկատվության եւ քարոզչության նախարարության առկայությունը»,- ամփոփել է Գրիգորի Այվազյանը։