«Զվարթնոց» օդանավակայանում հունիսի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նույն օրը, գիշերը, ժամը 04։00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ՝ 53-ամյա Մ. Բ.-ն «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման «Բիզնես Լանչ» սրահից գողացել է ոսկյա մատանի։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկանները հայտնաբերել են Մ. Բ.-ն, որը ոչ միայն խոստովանել է կատարված գողությունը, այլեւ ներկայացրել է գողոնը։

Մատանին պատկանել է Երեւանի բնակիչ՝ 30-ամյա Արամ Ջուլֆալակյանին, ով Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի եղբայրն է։

Փաստի առթիվ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում նյութեր են նախապատրաստվում։