Պետբյուջեի ծախսերը նախապես ծրագրած նորմայից 5,3 տոկոսով պակաս են կատարվել, այսինքն՝ 80 մլրդ դրամով պակաս: Հունիսի 19-ին Ազգային ժողովի նիստում 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այս մասին ասաց Տնտեսական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ դիմելով ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին:

Նրա խոսքով՝ պետք է հստակ գնահատական տալ, թե սա որաքանով է զսպող ազդեցություն ունեցել երկրի տնտեսական աճի վրա: Թունյանը նաեւ հետաքրքրվեց՝ սա արդյոք կապվա՞ծ է եղել կոռուպցիոն ռիսկերի հետ վարկային ռեսուրսների տեսակետից եւ արդյոք համընկե՞լ են կոռուպցիոն վնասի ռիսկերը եւ տնտեսական աճին ռիսկերը:

Ատոմ Ջանջուղազյանն ի պատասխան նշեց, որ անբավարար ֆինանսավորումը կազմել է հակաբյուջետային զսպման խթանման 2,3 տոկոսը: Նախարարի խոսքով՝ ամեն տարի ունեցել ենք քրոնիկական ցածր ցուցանիշներ՝ մեկ կամ երկու տարվա բացառությամբ, երբ ծախսերը, հակառակը, գերակատարվել են: