Մենք պետք է հավասարակշռված առաջ ընթանանք, ինչն էլ, ըստ էության, մատնանշում են մեր ցուցանիշները։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, 2018-ի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ընթացքում, հունիսի 19-ին ասել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին, որը հետաքրքրվեց , թե կարող է արդյոք ֆիննախի ղեկավարը նշել գոնե մեկ ոլորտ, որտեղ կյանքի որակը բարելավվել է։

Ջանջուղազյանն, իհարկե, այդպես էլ ոչ մի օրինակ չի ներկայացրել։ «Մենք աշխատում ենք մեր պոտենցիալի բարձրացման վրա»,- ասել է նախարարը։

Սակայն նման պատասխանն ակնհայտորեն չի գոհացրել Մելքումյանին, որը հավաստիացրել է, որ  դեմ չէ պրագմատիկ մոտեցմանը եւ իրատեսորեն է գնահատում ստեղծված իրավիճակը։ «Ես դեմ չեմ, որպեսզի մենք կարողանանք մեր ոտքերը ձգել մեր վերմակի չափով։ Դա նշանակում է, որ մենք պետք է հստակ գնահատենք մեր պոտենցիալը։ Բայց դա նաեւ նշանակում է, որ մեր ակնկալիքները տնտեսական հեղափոխությունից նույնպես պետք է հստակ լինեն, եւ մենք պետք է հասկանանք, որ այդ ակնկալիքները չեն կարող չափից ավելի բարձր լինել»,- ընդգծել է Մելքումյանը։