Հայաստանից արտահանման ծավալների նվազումը տագնապահարույց է:  Հունիսի 19-ին Ազգային ժողովի նիստում 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այս մասին ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցին, ում հետաքրքրում էր, թե ինչով է պայմանավորված գյուղարտադրանքի արտահանման անկումը:

Ջանջուղազյանը նշեց, որ տնտեսության արտահանվող եւ չարտահանվող հատվածներում եկամտաբերության մակարդակի տարբերություն կա՝ մոտ 8 տոկոսային կետով: «Փողն այնպիսի հատկություն ունի, որ գնում է այնտեղ, որտեղ աճի հավանականությունն ավելի մեծ է, եւ մեր ջանքերն ուղղված են այս բուն կառուցվածքի փոփոխությանը»,- պարզաբանեց նախարարը:

Ֆինանսների նախարարի խոսքով՝ այս պատճառով կառավարությունը որոշումներ է ընդունել, որոնք հնարավորություն են տալիս աջակցելու այն ձեռներեցներին, որոնք տալիս են ավելի շատ դեպի արտահանումն ուղղված արտադրանք: «Այո, արտահանման ծավալների նբազումը տագնապահարույց է, սակայն կառավարության ջանքերը իրենց երկար սպասեցնել չեն տա: Ես հույս ունեմ, որ մենք այս հարցում լուրջ հաջողություններ կունենանք»,- մերկապարանոց ասաց ֆինանսների նախարարը: