Նախնական մասնագիտական երաժշտական կրթության որակի բարելավման, մրցակցային պայմաններում մշակութային կրթության առաջատարների բացահայտման եւ խրախուսման նպատակով արդեն 12-րդ տարին անընդմեջ անցկացվում է համայնքային երաժշտական եւ արվեստի դպրոցների ամենամյա մրցույթ-փառատոնը:

«Արամ Խաչատրյան» համերգասրահում մրցույթ-փառատոնի եզրափակիչ գալահամերգին ներկա են եղել նաեւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու համայնքի ավագանու անդամներ: Մրցույթն անցկացվում է երաժշտական մասնագիտական ուսուցման 10 անվանակարգերում՝ դաշնամուր, վոկալ, լարային, փողային, հարվածային եւ ժողովրդական գործիքներ, ինչպես նաեւ դասական համույթ, ազգային նվագարանների համույթ, երգչախումբ եւ տեսական առարկաներ: Հանդիսավոր արարողության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանն ու աշխատակազմի մշակույթի վարչության պետ Գոշ Սարգսյանը մրցանակներ են հանձնել լավագույն տասնյակում ընդգրկված դպրոցներին:

Մրցույթ-փառատոնի արդյունքներով, համապատասխանաբար, առաջինից տասներորդ հորիզոնականն զբաղեցրել են Ալեքսանդր Սպենդիարյանի, Ստեփան Ջրբաշյանի, Սայաթ-Նովայի, Ալեքսեյ Հեքիմյանի, Ղազարոս Սարյանի, Արմեն Տիգրանյանի, Կոստանդին Սարաջյանի, Ավետ Տերտերյանի, Բարսեղ Կանաչյանի եւ Տիգրան Չուխաջյանի անվան արվեստի եւ երաժշտական դպրոցները:

«Տարվա հայտնություն» անվանակարգում հաղթող են ճանաչվել Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի գործիքային եռյակը եւ Կոմիտասի 150-ամյա հոբելյանի առթիվ Կոմիտասի ստեղծագործության լավագույն կատարման համար՝ Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի երգչախումբը:

Երեւանի մշակութային կյանքի բազմազանության ապահովման, ինչպես նաեւ մայրաքաղաքում փառատոնային մշակույթի ավանդույթների ձեւավորման եւ խթանման գործում ներդրած նշանակալի ավանդի համար փառատոնի հիմնադիր Կամո Մովսիսյանը պարգեւատրվել է Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով:

«Մինչ այս երեկոն սկսելը՝ մտաբերում էի անցած երկար տարիները, այս փառատոնի անցած ճանապարհը: Տեսնում էի մարդկանց, որոնց հետ սկիզբն ենք դրել այս փառատոնի: Համարում եմ այս փառատոնը կայացած ոչ միայն կրթամշակութային՝ իր մանկավարժական բնույթով, այլեւ, ամենակարեւորը, որ փառատոնը դարձել է Երեւանի մշակութային կյանքի անբաժանելի մասնիկը»,-նշել է Երեւանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետը:

Շնորհավորելով փառատոնի մասնակիցներին՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ է մաղթել մշակութային օջախների տաղանդաշատ սաներին:

«Մենք ունենք հրաշալի երեխաներ, տաղանդավոր երեխաներ, վստահ եմ, որ նրանցից շատերը հասնելու են միջազգային մակարդակով մեծ բարձունքների: Մենք լսեցինք հրաշալի երաժշտություն: Մի պահ մոռանում էիր, որ փոքրիկներ են ելույթ ունենում, ուղղակի տպավորություն էր, որ հասուն երաժիշտներ են եւ նվիրում են մեզ այս հրաշալի երաժշտությունը»,- նշել է քաղաքապետը:

Համերգի ընթացքում հնչել են փառատոնի մրցութային շրջափուլի լավագույն կատարումներն ու համարները: