Գոյություն ունեն սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի մահվանը Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի մասնակցության հավաստի ապացույցներ, սակայն հետագա քննություն է անհրաժեշտ, նշված է ՄԱԿ արտադատական մահապատիժների եւ մարդու իրավունքների հարցերով խորհրդի հատուկ զեկուցող Անիես Կալամարի զեկույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Փաստաթուղթը հրապարակվել է նախօրեին Ժնեւում ընթացող ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով խորհրդ 41-րդ նստաշրջանում Խաշոգջիի սպանության քննության արդյունքների գնահատականները պաշտոնապես ներկայկացնելիս: ՄԱԿ հատուկ զեկուցողի եզրահանգումները Խորհրդում կբարձրաձայնվեն հունիսի 26-ին:

Սաուդյան Արաբիան ավելի վաղ ընդունել էր, որ լրագրողին սպանել են հյուպատոսության աշխատակիցները նրա հետ վեճի ժամանակ: Հետաքննության հետ կապված իշխանությունները կալանավորել են 11 մարդու, որոնցից 5-ի համար դատախազությունը մահապատիժ է պահանջել: Սաուդյան Արաբիան հրաժարվել է քննություն անցկացնելու համար Թուրքիային հանձնել այս հանցագործության մեջ կասկածվողներին:

«Հատուկ զեկուցողը պարզել է, որ գոյություն ունեն հավաստի ապացույցներ՝ Սաուդյան Արաբիայի առանձին բարձրաստիճան ներկայացուցիչների, այդ թվում՝ գահաժառանգ արքայազնի մասնակցության վերաբերյալ (սպանությանը – խմբ.), որոնք հետագա քննություն են պահանջում»,- նշված է փաստաթղթում:

Նրա խոսքով՝ Խաշոգջիի սպանության մեջ մեղավորների որոնումը չպետք է սահմանափակվի նրանց հայտնաբերմամբ, «ովքեր բռնել են լիցքավորված ատրճանակը», այլ նաեւ նրանց պարզելով, ովքեր խախտել են կամ չեն կատարել իրենց անմիջական ծառայողական պարտականությունները:

Խաշոգջին, որն աշխատում էր որպես ամերիկյան Washington Post թերթի մեկնաբան եւ 2017-ից ապրում էր ԱՄՆ-ում, անհետացել էր Թուրքիայում 2018 թվականի հոկտեմբերի 2-ին այն բանից հետո, երբ մտել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսության շենք։ Սաուդյան Արաբիայի պետական լրատվամիջոցները հոկտեմբերի 20-ի գիշերը տարածել են երկրի գլխավոր դատախազի հաղորդագրությունը, որ, ըստ նախնական տվյալների, Խաշոգջին մեռած է, նրա մահվան պատճառ է դարձել վեճը հյուպատոսության աշխատակիցների հետ։

Ստամբուլի դատախազությունը հայտարարել է, որ Խաշոգջիի սպանությունը միտումնավոր է եղել, լրագրողի մարմինը մասնատվել է եւ վերացվել այն բանից հետո, երբ խեղդամահ է արվել գլխավոր հյուպատոսությունում։ Թուրքիան Սաուդյան Արաբիայից պահանջում է հանձնել մեղավորներին, ինչպես նաեւ տեղեկատվություն Խաշոգջիի մարմնի գտնվելու տեղի մասին։ Սաուդյան գլխավոր դատախազության հայտարարության համաձայն՝ Խաշոգջիի սպանության գործով կալանվել է 21 մարդ։ Սպանության հինգ անմիջական մասնակիցների համար դատախազությունը մահապատիժ է պահանջել։