ՀՅԴ Երիտասարդական միության «Ահազանգ» նախաձեռնության անդամները ԱԺ-ի դիմաց նստացույցը կշարունակեն մինչեւ նախատեսված հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծի երկրորդ ընթերցմամբ ընդունումը: Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, ֆեյսբուքյան էջում հայտարարեցին նախաձեռնության անդամները:

«Շատ քիչ ժամանակ է մնացել, որ եկամտային հարկի համահարթեցումը օրենքի ուժ ստանա, դրա համար մենք հիմա այստեղ ենք: Փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի հերթական մեծ սխալը չգործի կառավարությունը: Բոլոր այն պատգամավորները, ովքեր առաջին ընթերցման ժամանակ կողմ են քվեարկել նախագծին՝ փոխեն իրենց դիրքորոշումը, հաշվի առնեն՝ ինչ սոցիալական պայմաններում գտնվող երկրում են ապրում եւ դեմ արտահայտվեն նախագծին»,- ասաց անդամներից Քրիստինե Վարդանյանը եւ հավելեց, որ քիչ առաջ տեղացող անձրեւն էլ իրենց չի խանգարել, որ շարունակեն նստացույցը: Վերջում անդամները կոչ արեցին բոլոր նրանց, ում հետաքրքրում է համահարթեցման խնդիրը՝ միանալ նախաձեռնությանը:

Նշենք, որ արդեն 2 ժամ է, որ նախաձեռնության անդամները նստացույց են իրականցնում ԱԺ-ի դիմաց: Նրանք պահանջում են չեղարկել Հարկային օրենսգրքի փաթեթով առաջարկվող եկամտային հարկի համահերթեցումը: Նախաձեռնության անդամներն ունեն պաստառներ՝ «ոչ համահարթեցմանը», «ոչ համահարթ սպասարկմանը» եւ այլ գրություններով: