Խարկովի ֆիզիկական կուլտուրայի պետական ակադեմիայի առաջին կուրսեցի Արթուր Մարտիրոսյանը, որին ցած էին նետել պատուհանից, ուկրաինական ԶԼՄ-ներին հիվանդանոցում տված հարցազրույցում պատմել է հարձակման մանրամասների մասին։

Նա տեղեկացրել է, որ նրա վրա հարձակվել է վեց ծանոթ։

«Երկու-երեք րոպե անց սենյակիս դուռը բացվում է, եւ սկսվում է սպանդը, սկսում ենք կռվել, եւ նրանք հանում են էլեկտրաշոկը, դանակ։ Ես մեր միջեւ սեղանն եմ քաշում, մոտենում եմ պատուհանին, այսինքն՝ սեղանը քաշում եմ եւ սկսում օգնություն կանչել»,- պատմել է Արթուրը։

Իր հերթին, հայրը՝ Սերգո Մարտիրոսյանը, հարցազրույցում նորից ընդգծել է, որ Արթուրը պարզապես թմրամոլ լինել չէր կարող, քանի որ մշտապես դոպինգ ստուգում է անցել եւ գտնվել բժիշկների հսկողության տակ։

Նա պատմել է, որ հոկտեմբերին Արթուրը պետք է մեկներ մասնակցելու աշխարհի առաջնությանը։

Արթուրին դրական բնութագիր է տվել նաեւ հանրակացարանի հերթապահը, որը տեղեկացրել է, որ երիտասարդը մինչ այդ կարգ չի խախտել։

Կայանատեղիի պահակը, որտեղ թաքնվել է Արթուրը ընկնելուց հետո, պատմել է, որ երիտասարդը չի ճանաչել ժամանած ոստիկաններին եւ խնդրել է ոստիկանություն կանչել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Խարկովի ֆիզիկական կուլտուրայի պետական ակադեմիայի առաջին կուրսեցի Արթուր Մարտիրոսյանին ցած էին գցել վեցերորդ հարկից այն բանից հետո, երբ չէր հաջողվել նրա գրպանը թմրանյութեր խցկել։

Երիտասարդի հոր խոսքով՝ նրա որդին զբաղվում է սամբոյով եւ ձյուդոյով, Ուկրաինայի հավաքականի անդամ է: Սովորել եւ մարզվել է Կիեւում Իվան Պոդդուբնու անվան օլիմպիական քոլեջում, իսկ հետո ընդունվել Ակադեմիա: 18 տարեկանում Արթուրը սպրոտի վարպետ է, Ուկրաինայի վեցակի չեմպիոն, Ուկրաինայի առաջնության կրկնակի մրցանակակիր, Եվրոպայի առաջնության  եռակի մրցանակակիր: Ապրիլին նա մասնակցում էր Կիպրոսում դեռահասների շրջանում Եվրոպայի առաջնությանը, պատրաստվում էր աշխարհի առաջնությանը:

Նրա հոր խոսքով՝ այդ չարաբաստիկ օրը ադրբեջանցի հարեւանը նրան հրավիրել էր իր ընկերների հետ խորոված ուտելու, որոնց թվում տարբեր բուհերից ադրբեջանցի ուսանողներ կային: Պիկնիկի ժամանակ Արթուրի ինքնազգացողությունը վատացել էր. հոր խոսքով որդու ըմպելիքի մեջ ինչ-որ բան էին լցրել:

Արթուրը գնացել էր իր սենյակ: Սակայն որոշ ժամանակ անց երիտասարդին վնասելու անհաջող փորձից հետո նրանք մտել էին սենյակ եւ Արթուրին ցած նետել պատուհանից: