Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն անհրաժեշտ չի համարում խորհրդարանի ստորին պալատի ցրումը՝ այս ամռանը վերին պալատի վերընտրությունների կազմակերպման համար։ Այս մասին նա հայտարարել է չորեքշաբթի ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների հետ խորհրդարանական լսումների ժամանակ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Ես մտադիր չեմ ցրել խորհրդարանը»,- նշել է վարչապետը։ Նրա խոսքով՝ նման քայլի հազիվ թե կդիմի, անգամ եթե ընդդիմությունը ընթացիկ խորհրդարանական նստաշրջանի վերջին (ավարտվում է հունիսի 26-ին) անվստահություն հայտնի կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) կառավարությանը։

Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատի ընտրությունները վերջին անգամ տեղի են ունեցել համեմատաբար վերջերս՝ 2017-ի հոկտեմբերին։ Այն ժամանակ դրանք ավարտվեցին լիբերալ-դեմոկրատների ջախջախիչ հաղթանակով։ Ինչպես ավելի վաղ նշում էր Asahi թերթը, ստորին պալատի ընտրությունները կարող էին պահանջված լինել, եթե Աբեն որոշեր հերթական անգամ հետաձգել սպառողական հարկը 8-ից 10 տոկոսի բարձրացնելը եւ նրան անհրաժեշտ լիներ ստանալ հանրային հավանություն այս հաշվով։ Սակայն կառավարությունում կարծում են, որ հետագա ձգձգումները կարող են բացասաբար ազդել տնտեսության վրա, դրա համար բարեփոխումը պետք է իրականացվի արդեն հոկտեմբերին։

Համաձայն նախնական ծրագրի՝ ընտրարշավը կսկսվի հուլիսի 4-ին, իսկ վերին պալատի ընտրությունները տեղի կունենան հուլիսի 21-ին։ Կվերընտրվի 124 պատգամավոր 242-ից։ Պատգամավորների մյուս մասի մանդատների ժամկետը, որոնք դրանք ստացել են 2016-ին, ավարտվում է երեք տարի հետո։