Հայաստանը ծրագրում է նոր վարկային միջոցներ ներգրավել եւ, համաձայն գործող համաձայնագրերի, հնարավորություն ունի ստանալու մոտ 1,5 մլրդ դոլար։ Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի նիստում, 2018-ի պետական բյուջեի կատարողականի մասին հաշվետվության քննարկման ժամանակ, հունիսի 19-ին ասել է Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին։

Նախարարի խոսքով՝ այդ գումարը նախնական քննարկման փուլում է։ «Մենք ընդհանրապես առաջնորդվում ենք այն տրամաբանությամբ, որ պետք է մտածել ոչ թե վարկերի մարման մասին՝ հարկային միջոցների կիրառմամբ, այլ մեր ներգրաված փոխառությունների եւ դրանց կիրառման միջոցով ստեղծել տնտեսության այնպիսի աճ, որպեսզի դրանց տեսակարար կշիռը եւ ազդեցության աստիճանը հասցվեն նվազագույնի։ Այսինքն՝ մենք չենք սահմանափակվի նոր վարկով, նոր փոխառությունների ներգրավման հնարավորությամբ, այլ պարզապես կջանանք բարձրացնել դրա կառավարելիության  մակարդակը, եւ դա չի պահանջի մեզնից մեծ ջանքեր»,- պարզաբանել է Ջանջուղազյանը։