Ինձ համար ակնհայտ է, որ այստեղ չկա գաղափարական խնդիր՝ համահարթ հարկման հետ կապված։ Այս մասին, այսօր՝ հունիսի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը՝ անդրադառնալով ԱԺ-ի դիմաց նստացույց անող «Ահազանգ» շարժման անդամներին, որոնք պահանջում են հրաժարվել եկամտային հարկի համահարթեցումից:

Պատգամավորի խոսքով՝ որոշ ժամանակ առաջ ինքը փորձել է շփվել շարժման երիտասարդների հետ, սակայն ակցիայի առաջնորդը հորդորել է բանավեճի մեջ չմտնել պատգամավորի հետ։

«Նրանք այն ժամանակ իրենց հետ ունեին նաև «Ո՛չ թանկացումներին» բովանդակությամբ պաստառներ։ Փորձեցի ճշտել, թե ինչն է թանկանալու, բայց իրենք այդպես էլ չկարողացան ասել, որովհետեւ չկա նման բան, բացի ծխախոտից, որը նորմալ է: Ես էի ուզում հարցեր տալ այդ երիտասարդներին, թե ինչու են եկել, ինչն է խնդիրը, բայց նրանց առաջնորդն ասում էր՝ մի շփվեք իրենց հետ»,–պատմեց պատգամավորը՝ հավելելով, որ այդ երիտասարդներին ինչ-որ բաներ են ասել, բերել են այստեղ, ու դրա համար չեն ուզում, որ շփվեն մեզ հետ:

«Ինձ համար ակնհայտ է, որ այստեղ չկա գաղափարական խնդիր՝ համահարթի հետ կապված։ Եթե իրենք հարուստ են համարում 200 հազար դրամ աշխատավարձ ստացողին, որն իր աշխատավարձի 1/3 պետք է հարկ վճարի ու իրենք համարում են, որ դա ճիշտ է, ապա թող դա մնա իրենց խղճին։ Իրենք չեն տեսնում օլիգարխներին, բայց հարուստ են համարում 200-250 հազար դրամ ստացող մարդկանց»,- ասաց նա։

Հայկ Գևորգյանը պատմեց, որ երիտասարդներից հետաքրքրվել է, թե նրանն ինչ մասնագետ են դառնալու ու տեղեկացրել, որ եթե դառնան լավ մասնագետ, ստանան 200-300 հազար դրամ, ապա այս բարեփոխումը հենց իրենց է վերաբերելու։

«Մենք խնայում ենք ձեր միջոցները, եկամտի վրայից հարկը հանում ենք ու տեղափոխում հարստության վրա։ Մենք հարկելու են հենց օլիգարխներին ու հարուստներին»,- ընդգծեց Հայկ Գևորգյանը։

Պատգամավորը նշեց, որ չի պատրաստվում այլևս հանդիպել նրանց, քանի որ տեսում է, որ նրանց հստակ ուղղորդված են իրենց գործողություններում. «Նրանք վերցրել են հարկային փաթեթի մի հատվածը եւ փորձում են ստեղծել տպավորությոն, թե ինչ դժգոհ է ժողովուրդը»: