Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ներդրվել է տարիներ առաջ եւ այսօր դնել մկրատով կտրել, դա ուղղակի կկործանի ամբողջ ֆինանսական համակարգը. մենք դա չենք կարող անել: Այս մասին, այսօր՝ հունիսի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը՝ հավելելով. «Մենք գնում ենք առաջ դա հաշվի առնելով»:

Հայկ Գեւորգյանը նշեց, որ հարկային փոփոխությունների ամբողջ տրամաբանությունն այն է, որ իրենք աշխատող, ստեղծող մարդուց հարկեր քիչ են հավաքելու, փոխարենը հարկեր շատ են հավաքելու հարուստներից:

Դիտարկմանը, որ ակցիզային հարկեր մտցնելով բարձրանալու են ապրանքների գները, Հայկ Գեւորգյանն ասաց. «Եթե անգամ բենզինի վրա ակցիզային հարկ դրվի 3-4 տոկոսի չափով, բենզինի մեկ լիտրը դրա պատճառով կթանկանա ընդամենը 1,6 դրամով, մեկ լիտրը դիզվառելիքը՝ 0,56 դրամով: Եթե սա համարում եք սարսաելի գնաճ, ես չեմ կարող կիսել այդ կարծիքը»: