Վերաքննիչ դատարանի դիմաց այսօր՝ հունիսի 19-ին, իշխանության աջակիցների միջեւ տեղի ունեցավ  միջադեպ: Նշենք, որ դատարանի բակում բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ գործող իշխանության աջակիցները:

Իշխանության աջակիցներից Հարությունն ասաց, որ իրենք իրականացնում են խաղաղ ակցիա, բայց Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներից Ջիվան Աբրահամյանը պառակտում է մտցրել ցուցարարների միջեւ: Նա ասաց, որ Ջիվան Աբրահամյանը ցուցարարներին ագրեսիա եւ անհնազանդության քայլեր է հորդորում իրականացնել:

«Մեր խաղաղ պայքարի մեջ պառակտում է մտնում: Ջիվանենք Քոչարյանի կողմնակիցներն են: Մենք պայքարում ենք խաղաղ ճանապարհով, առանց ագրեսիայի: Որեւիցե մի ագրեսիա եւ անվայելուչ քայլ խաղաղ ակցիայի հետ բնավ կապ չունի: Ջիվանը հելել հարձակվել էր դատարանի վրա, մարդը կոչ ա անում, որ Բակո Սահակյանի գլուխը ջարդենք»,- ասաց Հարությունը:

Հարությունի հայտարարությունից հետո Ջիվան Աբրահամյանն ասաց, որ ինքը պառակտում չի մտցնում ցուցարարների մեջ, եւ նշեց, որ նման նպատակ ունի հենց Հարությունը.

«Տվյալ անձինք փորձում են ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի այս շարժումը օգտագործել Նիկոլ Փաշինյանի դեմ, եւ ես թույլ չեմ տվել: Ցուցարարներին հենց իրենք առաջարկում էին գնալ կառավարության բակ եւ բողոքի ակցիա իրականացնել: Այստեղ եղածներից բոլորը ներկա են եղել, որ չեմ թողել գնան»:

Նշենք, որ այսօր՝ հունիսի 19-ին, առավոտից 2 կողմերը դատարանի դիմաց են։ Այս պահին դատարանի դիմաց հավաքված են մեծ թվով ցուցարարներ։