Միջազգային քննչական խումբը (JIT) առաջին անգամ հրապարակել է 4 մարդու անունները, որոնք կասկածվում են 2014 թվականի հուլիսին Դոնբասի երկնքում խփված «Բոինգի» աղետին մասնակցության մեջ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նրանցից երեքը Ռուսաստանի քաղաքացիներ են:

Քննչական խմբի (կազմի մեջ են մտնում Նիդեռլանդների, Ավստրալիայի, Մալայզիայի, Բելգիայի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները) վարկածով՝ օդանավը խոցվել է «Բուկ» կայանքից, որը պատկանում է ռուսական զինված ուժերի ՀՕՊ Կուրսկի 53-րդ բրիգադին:

Քննիչների կարծիքով՝ «Բոինգի» աղետին կարող են մասնակցություն ունենալ՝

Սերգեյ Դուբինսկին, Ռուսաստանի բանակի ԳՀՎ պաշտոնաթող սպա

Օլեգ Պուլատովը, Ռուսաստանի բանակի օդադեսանտային զորքերի պահեստազորի փոխգնդապետ

Լեոնիդ Խարչենկոն, Ուկրանայի քաղաքացի, ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ԳՀՎ հետախուզական ստորաբաժանման հրամանատար

Իգոր Ստրելկովը, ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարար:

Քննիչների կարծիքով՝ Դուբինսկին, Պուլատովը եւ Ստրելկովը հիմա բնակվում են Ռուսաստանում, իսկ Խարչենկոն՝ Ուկրաինայի արեւելքում, երկրի կառավարության վերահսկողությունից դուրս գտնվող տարածքում: Նրանց նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում, իսկ գործը մինչեւ տարեվերջ կփոխանցվի հոլանդական դատարան: Դատական առաջին նիստը տեղի կունենա 2020 թվականի մարտի 9-ին:

Քննչական խմբի ներկայացուցիչները մամուլի ասուլիսի ժամանակ նշել են, որ չեն դիմելու Ռուսաստանի իշխանություններին՝ կասկածյալներին արտահանձնելու խնդրանքով, քանի որ հասկանում են, որ ռուսական Սահմանադրությունն արգելում է երկրի քաղաքացիներին այլ պետությունների հանձնել: