Թեհրանը հուլիսի սկզբին երկրորդ քայլը կձեռնարկի իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ ու համապարփակ ծրագրով իր պարտավորությունների կրճատման ուղղությամբ, սակայն կմնա փաստաթղթի շրջանակում: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում ասել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին:

«Իրանը հուլիսի սկզբին կձեռնարկի երկրորդ քայլը ԳՀՀԾ-ով իր պարտավորությունների կրճատման ուղղությամբ: Ընդ որում՝ մենք ամեն ինչ անում ենք համաձայնագրի շրջանակում եւ դրանից դուրս չենք գա: Մեր ձեռնարկած բոլոր գործողությունները փաստաթղթի շրջանակում են՝ 26 եւ 36 կետերի, եւ մենք դա պնդում ենք»,- շեշտել է գործակալության զրուցակիցը:

2018 թվականի մայիսի 8-ին Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը հայտարարել էր ԳՀՀԾ-ից Վաշինգտոնի դուրս գալու մասին՝ գործարք, որը կնքվել էր 2015 թվականին եւ սահմանափակում էր Թեհրանի միջուկային մշակումները՝ ՄԱԿ ԱԽ պատժամիջոցների եւ ԱՄՆ ու ԵՄ միակողմանի սահմանափակող միջոցառումների չեղարկման դիմաց: