Իրանը չի երկարացնի միջուկային գործարքի մյուս կողմերի համար սահմանած վերջնաժամկետը։ Այս մասին ասել է Իրանի Ատոմային էներգիայի գործակալության կազմակերպության (AEOI) մամուլի քարտուղար Բեհրուզ Քամալվանդին, տեղեկացնում է Tasnim-ը։

Նրա խոսքով՝ Իրանը հերթական քայլն է արել ժամանակացույցին համապատասխան, եւ այդպես է գործելու ապագայում։ «Մեր ուղերձը պարզ է,- ասել է Քամալվանդին։- Գործնականում նրանց (եվրաեռյակի՝ Գերմանիա, Բրիտանիա, Ֆրանսիա) վարքագիծը նշանակում է, որ նրանք կամ չեն ցանկանում կատարել իրենց պարտավորությունները, կամ դա անելու հնարավորություն չունեն»։

Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ,  հունիսի 17-ին Իրանը հայտարարել էր, որ կարագացնի հարստացված ուրանի ստացման գործընթացը, եւ 10 օրվա ընթացքում դրա պաշարը կգերազանցի 300 կիլոգրամանոց շեմը։ Այդ ժամանակ Արաքում Քամալվանդին հայտարարել էր Իրանի կողմից 2015 թվականի միջուկային գործարքի որոշ պարտավորությունների կատարումը դադարեցնելու մասին, ներառյալ հարստացված ուրանի պաշարների անսահմանափակ ավելացման ծրագրերը։ Բացի այդ, նա հայտարարել է, որ Իրանն ավելացրել է հարստացված ուրանի ստացումը Նեթենզի ատոմային օբյեկտում՝ ավելացնելով, որ հաշվարկը սկսվում է այսօրվանից։

«Մենք կանցնենք (ուրանի պաշարների) 300 կիլոգրամանոց շեմը 10 օրում»,- ասել է նա՝ ընդգծելով, որ կբարձրանա նաեւ մինչեւ 3.67 տոկոս մաքրության ուրանի հարստացման տեմպը։