Ավելի վաղ ես իմ վրա եմ վերցրել պարտավորությունը, որ ընդդիմությանը պետք է տեղեր հատկացվեն Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում:

Այս մասին այսօր Ազգային ժողովում նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին: Բագրատյանը վարչապետից հետաքրքրվել է, թե արդյոք նա պատրաստ է փոխանցել Պետական վերահսկողական ծառայության եւ Աուդիտորական պալատի ղեկավարումն ընդդիմությանը:

Վարչապետը հիշեցրել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ինքն է հրաժարվել՝ բացատրելով, որ նկատի է ունեցել ոչ թե շարքային անդամի, այլ ղեկավարի պաշտոնը:

«Ասում եք՝ Աուդիտորական պալատը փոխանցեք ընդդիմությանը, այն դեպքում, երբ մեր օրենսդրությամբ այն պետք է անկախ մարմին լինի»,- նկատել է Փաշինյանը:

Վարչապետը վստահեցրել է, որ երբ ընդդիմադիր էր, որեւէ անգամ իշխանությունից որեւէ վերահսկողական լծակ չի խնդրել:

«Ես կարծում էի, որ լինելով ընդդիմություն՝ ունեմ վերահսկողության բոլոր լծակները: Կարծում էի, որ դա անիմաստ է, քանի որ այդ ճանապարհով գնացող ընդդիմությունը դառնում է կոնֆորմիստ եւ հարմարվում է իշխանության հետ: Եվ, ընդհանրապես, կարծում եմ, որ խորհրդարանն ունի անհրաժեշտ վերահսկողական լծակներ»,- նշել է նա: