ՀՀ ազգային ժողովում այսօր՝ հունիսի 19-ին, կառավարության հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանիդկովը հետաքրքրվեց, թե արդյոք քայլեր կատարվում են Ստեփանավանի օդանավականում ներդրողներ ներգրավելու եւ այն շահագործելու ուղղությամբ։

Պատգամավորի հարցին ի պատասխան՝ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշեց.  «Ես ծնունդով Ստեփանավանից եմ, եւ շատ կարեւորում եմ տարածաշրջանի զարգացումը։ Ընդհանրապես, երկրի հավասարաչափ զարգացման համար շատ կարեւոր է փոքր ավիացիայի զարգացումը, ինչը Հայաստանում չկա։ Այս ուղղությամբ առաջին քայլերը կատարվում են երկրի հարավում. Կապանում այս պահին կառուցվում է օդանավակայան, որը դառնալու է երրորդ հանրապետության փոքր ավիացիայի առաջնեկը»։

Պապիկյանը պատգամավորին հորդորեց, որ եթե գաղափարներ ունի, առաջարկով հանդես գա. «Իհարկե, ՀՀ կառավարությունը դեմ չի լինի, եթե այդ ուղղությամբ ներդրումներ ի հայտ գան, եթե կան իդեաներ, ապա պատրաստ ենք Ձեզ հետ միասին աշխատել եւ հասկանալ, թե ինչ կարելի է անել»։ 

Պատգամավորը առաջարկեց այդ հարցով բանակցել հայտնի գործարար Սամվել Կարապետյանի հետ։ Իսկ Սուրեն Պապիկյանն ասաց, որ կառավարությունը պատրաստակամ է համագործակցել ներդրողների հետ։