Եկեղեցիներում մատուցվող սգո արարողություններն արգելելու որոշում գոյություն չունի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահան Մելիքյանը՝ անդրադառնալով երեկ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի կողմից արված առաջարկին՝ եկեղեցիներում մատուցվող սգո արարողությունները դադարեցնելու մասին։

«Նման որոշում գոյություն չունի եւ չի կայացվել Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից։ Մտահոգությունը, որ բարձրացվել է պարոն Էնֆիաջյանի կողմից, վերաբերվել է եկեղեցիներում ննջեցյալների աճյուններ դնելուն, արարողություններ կատարելուն, ինչը թաղման արարողության երեք մասերից մեկն է։ Անշուշտ, մենք ժամանակին այդ առնչությամբ Մայր աթոռում քննարկումներ ունեցել ենք՝ մարդկանցից ստացած դիտարկումների եւ մտահոգությունների հիման վրա»,–նշեց նա։

Տեր Վահրամի խոսքով՝ ննջեցյալների համար եկեղեցական կարգի կատարումը չի կարող մերժվել եկեղեցու կողմից. «Նկատի ունենալով, որ եկեղեցիները բնակչության թվի համեմատ քիչ են, անհրաժեշտություն է առաջացնում հնարավորինս թեթեւացնել այդ վիճակը, բայց այդ կապակցությամբ դեռ որոշում չի կայացվել։ Հանդիպման ժամանակ խոսվել է այն մտադրության մասին, որ դիմում կատարվի քաղաքապետարաններին եւ տարբեր քաղաքներում գերեզմանոցների մոտ հատկացվեն տեղեր, որտեղ կարող են կառուցվել կրոնական սրահներ կամ մատուռներ, որտեղ նման արարողություններ կարող են տեղի ունենալ, ինչը եկեղեցիների վիճակը կդյուրացնի։ Սակայն ամբողջապես արգելելու մասին խոսք չի կարող լինել, քանի որ դա եկեղեցական կանոն է, եւ եթե ընտանիքը դիմում է եկեղեցուն, որ ննջեցյալի համար կարգ կատարվի, եկեղեցին չի կարող մերժել այդ խնդրանքը»։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի ուղեկցությամբ երեկ հյուրընկալվել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Տարածված մամուլի հաղորդագրությունում նշվել էր, որ Վահե Էնֆիաջյանը, բարձրաձայնելով ժողովրդի ցանկությունը, հանդես էր եկել եկեղեցիներում մատուցվող սգո արարողությունները դադարեցնելու առաջարկով, ինչը Վեհափառի կողմից հավանության է արժանացել: