Չկա հանդիպում, որի ժամանակ չքննարկվի Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելու հարցը: Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Արման Աբովյանի հարցին:

Վարչապետը վստահեցրել է, որ բանակցությունները գտնվում են ընթացքի մեջ:

«Բոլոր այն հարցերը, որոնք խանգարում են բանակցային գործընթացին, կբարձրացվեն: Չկա հանդիպում, որի ժամանակ չքննարկվի Լեռնային Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելու հարցը»,- հայտարարել է Փաշինյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարը Վաշինգտոնում է, որտեղ կհանդիպի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ:

Անդրադառնալով այն դիտողություններին, որ Ադրբեջանը, կարծես, չի ընդունել բանակցությունների՝ հայկական կողմի առաջարկած ընկալումը, եւ, հնարավոր է, որ դա ընդունել է որպես հայկական կողմի թուլություն, Փաշինյանը պատասխանել է, որ Բաքվի դիրքորոշումը բացառապես Բաքվի անձնական գործն է:

«Հայաստանն ու Ղարաբաղն ի վիճակի են պաշտպանել իրենց շահերը ինչպես դիվանագիտական դաշտում, այնպես էլ անհրաժեշտության դեպքում՝ առաջնագծում: Այս ընթացքում մենք դա ապացուցել ենք եւ շարունակում ենք ապացուցել»,- նշել է ՀՀ վարչապետը:

Ընդ որում, նա նշել է, որ հայկական եւ ադրբեջանական կողմերը քննարկել են, թե ով եւ ինչպես է խախտել հրադադարի ռեժիմը, եւ հայկական կողմն այդ կապակցությամբ փաստեր ունի: Փաշինյանի կարծիքով՝ այդ քննարկումներն իսկապես հանգեցնում են հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմների մշակման անհրաժեշտության մասին:

Անդրադառնալով դիվանագիտական ջանքերի մասին հարցին՝ Փաշինյանն ասել է, որ ղարաբաղյան հակամարտությունը խնդիր է, որը պետք է դիտարկվի առավել լայն համատեքստում, քանի որ դրա առանձին դիտարկումն ու փոքր մասշտաբները միշտ հանգեցնում են սխալ եզրակացությունների:

«Այդ առումով Հայաստանը շարունակում է բանակցային գործընթացում Ստեփանակերտում մարտի 12-ին հռչակված սկզբունքների շրջանակում իր դիվանագիտական ջանքերը: Ընդհանուր առմամբ, վերջին տարիներին մեր դիվանագիտական ջանքերը բավականին արդյունավետ են եղել որոշ ուղղություններով եւ կոնկրետ արդյունքներ են տվել »,- ասել է վարչապետը՝ չհաստակեցնելով, թե ինչ արդյունքների մասին է խոսքը: